Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք
+374 10 62 50 50

«Սթրես» կենտրոնում կրկին կարող եք բուժում անցնել պետպատվերով

Արթմեդ ԲՎԿ «Սթրես» կենտրոն մարդիկ գալիս են ընտանեկան, անձնական դժբախտություններից հետո, երբ նրանց հոգում տիրապետող են դառնում տագնապները, վախերը, անհանգստությունները ապագայի, առողջության, կյանքի իմաստի և այլ հարցերի շուրջ: Նրանք մարդիկ են, որոնց հոգին խաղաղ չէ, ունեն խնդիր, որի լուծումը չեն տեսնում: Այդ անհանգիստ ապրումների արդյունքում էլ առաջանում են նևրոզները, դեպրեսիաներն ու սթրեսները, որոնց բուժմամբ էլ զբաղվում են «Արթմեդ» ԲՎԿ «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման բաժանմունքում, որտեղ կրկին բուժում կարող եք ստանալ նաև պետպատվերով: Ի՞նչ դրսևորումներ կարող են ունենալ հոգեկան խնդիրները և ինչպես են դրանք բուժվում «Արթմեդում» պատմել է  «Սթրես» կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հրանտի Սուքիասյանը Առողջապահական համակարգ /mednews.am/ պարբերականի հետ զրույցում:

Եթե կա ցավ, ուրեմն պետք է լինի որևէ օրգանի ախտահարում կամ վնասվածք: Բայց պատահում է, որ ցավը որևէ հիվանդության ախտանշան չէ։ Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդը ֆիզիկապես առողջ է, բայց ցավը միևնույնն է կա։ Իրականում դա ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան առողջության խնդիր է: Զարկերակային գերճնշում, հաճախասրտություն, սրտի ծակոցներ, հևոց, շնչարգելություն, ջղաձգումներ, դող, այրոց, վերջույթների թուլություն, ուշաթափություններ, աղեստամոքսային համակարգի խանգարումներ. ահա այն հնարավոր ախտանշանները, որ առաջանում են ուժեղ սթրեսներից հետո հոգեկան առողջության խանգարման դեպքում: Հոգին մարմնի ցավով ահազանգում է, որ օգնության կարիք ունի: Այսպես է կարծում բժիշկ Սուքիասյանը. «Ցավը կարող է տարբեր տեղակայում ունենալ: Դա պայմանավորված է նաև մարդու կյանքի փորձով, օրինակ՝ նրա ծանոթներից կամ սիրելիներից մեկը մահացել է որևէ հիվանդությունից, որն արտահայտվել է այս կամ այն մարմնական գանգատով, ու նույն գանգատները ունենում է նաև նա: Գանգատները կարող են լինել փսխումներ, շնչարգելություն, ջղաձգություն, սիրտանոթային, աղեստամոքսային համակարգերում ցավեր, և այլն, բայց բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ոչ մի հիվանդություն չախտորոշվի: Եթե մարդը չհիմնավորված ցավ է զգում, որը որևէ հիվանդության ախտանշան չէ, ապա նա հոգեկան առողջության խնդիրներ ունի, որոնց մասին ահազանգում է ցավը, և պետք է դիմեն հոգեկան առողջության կենտրոն»։

«Արթմեդ» ԲՎԿ «Սթրես» կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հրանտի Սուքիասյանը կարևոր է համարում պոլիկլինիկաներում ներդնել ամբողջ աշխարհում ընդունված հոգեբանական սքրինինգային թեստեր, որոնց պատասխաններով կարող են հստակ պատկերացում կազմել բուժայցելուների հոգեվիճակի մասին: Այս թեստերը կարևոր են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ժամանակին ու ճիշտ բուժում տրամադրելու համար: Եթե առաջնային օղակի թերապևտին հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդ դիմի մարմնական, բայց հետազոտությունների արդյունքում ոչ մի հիվանդություն չհայտնաբերվի, թերապևտը, իմանալով, որ վերջին շրջանում բուժայցելուն սթրես է ունեցել, կառաջարկի անցնել թեստը, և իսկապես կօգնի նրան՝ ուղղորդելով հոգեբանի խորհրդակցության կամ հոգեկան առողջության կենտրոն:

«Արթմեդ» ԲՎԿ «Սթրես» կենտրոնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք մնում են 14 օր: Այստեղ մարդիկ չեն հարկադրվում ամիսներ տևող մեկուսացման: Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում կենտրոնի փորձառու մասնագետները նրանց օգնում են դուրս գալ ճգնաժամային վիճակից, ու վերադառնալ իրենց առօրյային ու աշխատանքին: Բայց բուժման փուլայնությունը պահպանվում է. որոշ ժամանակ նրանք պետք է պահպանեն կապը բուժող բժշկի հետ և երբեմն ամբուլատոր այցեր կատարեն: «Սթրես» կենտրոնը օգնել և օգնում է մարդկանց, որոնք նևրոտիկ խանգարումներով և այլ սահմանային վիճակներով տառապող, նյարդաբանական և փսիխոսոմատիկ խնդիրներ:  Նրանք չեն կարող բուժվել հոգեբուժարաններում, որտեղ կան ծանր հոգեախտաբանական վիճակում գտնվողներ, և տեղի միջավայրը, ընդհակառակը կարող է էլ ավելի ծանրացնել այս մարդկանց հոգեվիճակը: Իսկ «Սթրես» կենտրոնում նրանց կօգնեն:  Ի դեպ կենտրոնում պացիենտները կրկին կարող են բուժվել նաև պետպատվերի շրջանակում։ Սա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար լիարժեք ու արդյունավետ բուժում հրաշալի հնարավորություն է:



Ավելին

Արթմեդի Ուրոլոգիական թիմը նոր մոտեցմամբ կնոջը լիարժեք ապրելու հնարավորություն տվեց

Արթմեդ բժշկական վերականգողական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքը հայտնի է միզա-սեռական համակարգի բարդ դեպքերի հետ աշխատելու իր մեծ փորձառությամբ: Օգոստոսի 12-ին թիմի ղեկավար, պրոֆեսոր Աշոտ Ծատուրյանի ղեկավարությամբ կրկին աշխատեցին նման հետաքրքիր մի դեպքի հետ: Տարբերվող էր ոչ միայն դեպքը, այլև նոր էր մասնագետների ընտրած մեթոդն ու վիրահատական մոտեցումը:

Դիմել էր 59 տարեկան մի կին միզապարկա-հեշտոցային խուղակով, որի արդյունքում մեզը բնական ճանապարհով դուրս գալու փոխարեն լցվում էր հեշտոց: Արդյունքում կնոջ մոտ բացակայում էր միզարձակությունը: Սա առօրյա կյանքին խանգարող բավականին լուրջ խնդիր է, քանի որ կամ կինը պետք է անընդհատ տակդիր կրի կամ շատ հաճախ փոխի հագուստը:

Միզապարկա-հեշտոցային խուղակները սովորաբար առաջանում են գինեկոլոգիական և մանկաբարձական միջամտություններից հետո առաջիկա 7-10 օրերի ընթացքում ու վերջնական ձևավորվում մոտակա 5 ամիսների ընթացքում: Հատկապես խնդիրը խորանում է օնկո-գինեկոլոգիական միջամտություններից հետո, երբ պացիենտը ստանում է նաև  ճառագայթային բուժում: Այս դեպքում խուղակները 40-70% դեպքերում ունեն կրկնվելու հավանականություն: Արթմեդ բժշկական կենտրոն դիմած պացիենտի մոտ 1993-ին այլ կենտրոնում հեռացվել է արգանդը ձվարաների հետ միասին օնկոլոգիական խնդրի պատճառով, որից հետո նա ստացել էր ճառագայթային բուժում, 2006թ-ից նրա մոտ հայտաբերվել է միզապարկի քար նախորդ վիրահատության  ընթացքում կիրառված կարաթելերից մեկի ինկրուստացիայի պատճառով /թելի վրա միզային քար է ձևավորվել/: Դրա հեռացումից հետո երկու անգամ արդեն իսկ պացիենտը վիրահատվել է խուղակի կապակցությամբ մինչև Արթմեդ դիմելը, սակայն խուղակը նորից կրկնվել է, խնդիրները շատացել են:

Արթմեդ ԲԿ-ում  ախտորոշվել է միզապարկա- հեշտոցային խուղակ, միզապարկի ծավալի փոքրացում, միզուկի նեղացում, մեզի երկկողմանի ռեֆլյուքս.  «Հաշվի առնելով արտահայտված սպիական փոփոխությունները, միզապարկի ծավալի փոքրացումը, տեղային հյուսվածքների օգտագործման անհնարինությունը, վիրահատության մինիմալ ծավալի ու մաքսիմալ արդյունավետության կարևորությունը՝ որոշվեց կիրառել նոր մոտեցում՝ օգտագործել այտի լորձաթաղանթը՝ որպես բուֆեր հեշտոցի ու միզապարկի միջև: Նախկինում միզուղիների վերականգման նպատակով կիրառել ենք այտի լորձաթաղանթը, բայց միզապարկի վերականգման ու խուղակի փակման նպատակով չենք կիրառել»,- պատմում է Աշոտ Ծատուրյանը mednews.am-ի հետ զրույցում:

Այտի լորձաթաղանթի կիրառության ընտրությունը ուրոլոգիական թիմին միանգամից մի քանի կարևոր խնդիր լուծելու հնարավորություն է տվել.

«Նախ այն իր տեսակով ամենամոտն է միզուղիներին, քանի որ գտնվում է նույնպիսի թաց միջավայրում, հետևաբար հարմար է միզուղիների փոխարինման համար ու այն վերցնելը ոչ մի վնաս չի տալիս պացիենտի օրգանիզմին: Բացի այդ սա մեզ հնարավորություն տվեց կատարել առավելագույնս թեթև, քիչ տրավմատիկ վիրահատություն, քանի որ մեր վիրահատական մուտքը դեպի խուղակ կատարեցինք հեշտոցի կողմից, այլ  ոչ թե ներորովայնային հատմամբ: Ներորովայնային բարդ գործողություն ստիպված կլինեինք կատարել, եթե կիրառեինք ոչ թե այտի լորձաթաղանթ, այլ ստամոքսի կամ աղիքի լորձաթաղանթ: Իսկ մենք խուղակի 1.5-ով տրամագծով օգտագործեցինք  2 -2,5 սմ դիամետր այտի լորձաթաղանթ, ու անցքը ամբողջությամբ վերականգնեցինք», - վիրահատության ընթացքն ու արդյունքներն է ներկայացնում Աշոտ Ծատուրյանը:

Վիրահատությունից արդեն անցել է շուրջ 2 շաբաթ, պացիենտն իրեն լավ է զգում, միզարձակությունը կատարվում է նորմալ, խուղակի կրկնման նախանշաններ չկան: Իհարկե խուղակի չկրկնման մասին վերջնական հայտարարելու համար պետք է 6 ամիս անցնի,բայց քանի որ դրանք սովորաբար առաջանում է վիրահատությունից հետո առաջին 10 օրերի ընթացքում, հետևաբար մենք ուզում ենք հավատալ, որ խուղակ առաջացման խնդիր պացիենտը այլևս չի ունենա,- ամփոփում է բժիշկ Ծատուրյանը՝ խորհուրդ տալով մարդկանց ավելի հետևողական լինել սեփական առողջության նկատմամբ, ավելի զգուշավոր ընտրել բժշկին ում, դիմում են ու ըստ անհրաժեշտության նաև երկրորդ կարծիք լսել նման բարդությունների առաջ չկանգնելու համար:

Առողջապահական համակարգ /mednews.am/

Ավելին

Բացառիկ նյարդավերականգնողական կենտրոն Արթմեդ ԲՎԿ-ում

«Արթմեդ» ԲՎԿ նյարդավերականգնողական կենտրոնը բացվել է 2011 թ. հոկտմբերի 14-ին՝ հոլանդական «Հեափ Ռիսարչ» (HEAP Reasearch) ընկերությունների hետ համատեղ: Հոլանդական վերականգնողական բուժման փորձը ներդրման և կենտրոնի բացառիկ գործունեության մասին Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականին պատմել է կենտրոնի  ղեկավար, Բրյուսելի ազատ համալսարանի պրոֆեսոր Հակոբ Խաչիկի Աթանեսյանը:


«Հեափ Ռիսարչ» ընկերությունը գտնվում է  Հոլանդիայի Էնշխեդե քաղաքում, քաղաք, որը հիշեցնում է առողջարանային համալիր, որտեղ  վերականգնողական բուժում են անցնում բազմաթիվ նյարդաբանական խնդիրներ ունեցողներ: Եվ այն հարուստ փորձը, որն ունի այս քաղաքը, տեղի առողջապահության համակարգում գործող մենեջերների խումբը ձգտում է տարածել ու զարգացնել աշխարհում և օգնում է ոչ եվրոպական զարգացող երկրներում ստեղծել նմանատիպ բժշկական հաստատություններ ու բաժանմունքներ, որտեղ պետք է իրականացվի նեղ մասնագիտական վերականգնողական բուժում: « Հեափ Ռիսարչի» ներկայացուցիչ և մենեջեր Ֆրանս Վան Անդլը Հայաստանում այդ նպատակի իրականացման համար 2010 թվականից սկսել էր համագործակցել  «Արթմեդ» ԲՎԿ-ի տնօրինության հետ: Մինչ այդ նա արդեն ծանոթ էր հայ նյարդաբան Հակոբ Աթանեսյանի հետ, ով ուսանել էր Հոլանդիայում՝ Բրյուսելի ազատ համալսարանում, եղել էր Էնշխեդե քաղաքի այն վերականգնողական կենտրոնում, որը պետք է օրինակ լիներ նորաստեղծ կենտրոնների համար:  Հենց բժիշկ Հ. Աթանեսյանն էլ ղեկավարեց «Արթմեդ» ԲՎԿ նյարդավերականգնողական բաժանմունքը, որը բացվեց 2011 թ. հոկտմբերի 14-ին: Այսպիսով՝ մեր երկրում ստեղծվեց այնպիսի վերականգնողական բաժանմունք, որը ոչ միայն այստեղ, այլև ամբողջ տարածաշրջանում միակն է. միակ կենտրոնը, որը զբաղվում է լուրջ նյարդաբանական խնդիրներ ունեցող պացիենտների կոմպլեքսային վերականգնմամբ:


Բաժանմունքի ղեկավար նյարդաբան և Բրյուսելի Ազատ համալսարանի պրոֆեսոր Հակոբ Խաչիկի Աթանեսյանը հիշում է. «Հոլանդացիները նույն կարգի կենտրոններ չկարողացան հիմնել հարևան երկրներում: Մ.Սահակաշվիլու նախագահության տարիներին մեր կենտրոն Ֆրանս Վան Անդլի ուղեկցությամբ  այցելեց Սահակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլովսը, որը ծագումով հոլանդացի է: Նրանք նպատակ ունեին նման կենտրոն հիմնել Վրաստանում: Բայց Սահակաշվիլու պաշտոնանկության պատճառով ծրագիրը չիրագործվեց: Ադրբեջանում ևս նման կենտրոն չկա»:


Հայաստանում, իհարկե, կան տարբեր վերականգնողական կենտրոններ, բայց խնդիրները, որով զբաղվում է «Արթմեդ» ԲՎԿ վերականգնողական կենտրոնը, չի զբաղվում դրանցից ոչ մեկը: «Մեր բաժանմունքում ինտենսիվ վերականգնողական կուրս են անցնում նյարդավիրաբուժական բաժանմունքի ծանր վիրահատություններ տարած պացիենտները, որոնք ունեցել են ինսուլտ (ուղեղի կաթված), գլխուղեղի ուռուցքներ, ծանր արյունազեղումներ, գանգի տրեպանացիաներ, կոտրվածքներ, ցրված սկրելոզ, ողնուղեղի վնասում և այլն: Ավելի հաճախ մեր բաժանմունքն ընդունում է ինսուլտներով հիվանդներին, որոնք ոչ միայն «Արթմեդից», այլև Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններից ուղղորդվում են մեր բաժանմունք՝վերականգնողական բուժում անցնելու», -բաժանմունքի առանձնահատկությունն է ներկայացնում Հակոբ Աթանեսյանը: Հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքում 21 օր հետո մնալուց հետո այս պացիենտները տեղափոխվում է Արթմեդի նյարդավերականգնողական բաժանմունք, որտեղ խնդիր է դրված վերականգնել պացիենտի՝ կաթվածի պատժառով տուժած շարժողական ֆունցիաները, խոսքը, նաև սնվելու ֆունկցիաները: «Նրանք  հաճախ սնվում են ոչ բնական ճանապարհով՝ նազոգաստրալ խողովակով, շնչում տրախիոստոմիկ խողովակով, կարող են ունենալ պառկելախոցեր, քրոնիկ հիվանդություններ՝ սիրտանոթային, շաքարային դիաբետ, և այլն: Եվ մեր բազմապրոֆիլ անձնակազմը պետք է աշխատի վերակենդանացման փուլում գտնվող այդ հիվանդների հետ, վերականգնի նրանց շարժունակությունն ու ինքնասպասարկման հմտությունները»,-բաժանմունքի աշխատանքն է ներկայացնում Հ. Աթանեսյանը:

Պացիենտներն այստեղ անցնում են կոմպլեքս բուժում՝ կինեզոթերապիա, մերսումներ, ջրային պրոցեդուրաներ, կավաբուժություն, լոգոպեդի, հոգեբանի աշխատանք և այլն: Յուրաքանչյուրի համար ընտրվում է իր առողջական վիճակին համապատասխան վերակագնողական կուրսը, որը պետք է շարունակվի մինչև հիվանդի լիարժեք վերակագնումը: «Նյարդավերականգնողական բաժանմունքը համապատասխան վերազինում ունենալուց բացի պետք է ունենա նաև հատուկ վերապատրաստումներ անցած մասնագետներ. բուժքույրերը, կինեզիստները, լոգոպեդները, նյարդաբանները նյարդաբանական խնդիրներով պետք է հատուկ մասնագիտացում անցած լինեն: Վերականգնումը մեր դեպքում բուժման հսկայածավալ սխեմա է, որն իրականացվում է թիմային փոխհամաձայնեցված աշխատանքով: Միայն այդպես է հնարավոր լինում հաղթել հիվանդությանը»,-ասում է բազմամյա փորձով նյարդաբանը: Նրա՝ Բրյուսելի ազատ համալսարանում պաշտպանած թեկնածուական աշխատանքը գիտական աղբյուր է դարձել 40-ից ավելի այլ մասնագետների գիտական հետազոտությունների համար, դրա համար էլ վերջերս Համալսարանը նրան շնորհեց Նյարդաբանության, նյարդաանատոմիայի, նյարդաբանական ռեաբիլիտացիայի պրոֆեսորի կոչումը:  Հակոբ Աթանեսյանի գիտական աշխատանքը վերաբերում էր ուղեղի ենթակեղևային ստրուկտուրաների խանգարումներին ու պաթոլոգիաներին։ Իսկ աշխատանքի նորարարությունն այն էր, որ բժիշկ Աթանեսյանը ներկայացրել էր իր գիտական եզրակացություններն այն մասին, որ ենթակեղևային ստրուկտուրաների ախտահարումը, օրինակ ինսուլտի դեպքում, բերում է ոչ միայն ֆիզիկական հետևանքներ, այլև հանգեցնում է վարքային, խոսքային, ընկալման խանգարումների, փոխվում է մարդու պահվածքն ու հակումները։ Մարդը կարող է դառնալ ագրեսիվ, կամ նրա մոտ տագնապային վախեր սկսվեն, անսովոր վարք դրսևորի, ու պետք է նրա հետ հատուկ աշխատանք տանել, որպեսզի հետինսուլտային վերականգնողական բուժումը տա իր արդյունքները։ Հենց այս խորքային ու բազմակողմանի մոտեցումն է բաժանմունքի ղեկավարը դրել բաժանմունքի աշխատանքի հիմքում ու դրա շնորհիվ է, որ այն շարունակում է մնալ բարձր արդյունքներ տվող միակ կենտրոնը Հայաստանում ու տարածաշրջանում:

Ավելին

Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը

Մարդիկ հաճախ հետաձգում են ստոմատոլոգին այցելությունը։ Դիմանում են, սպասում՝ մտածելով, թե ցավ է, կանցնի։ Բայց իրականում խնդիրը գնալով բարդանում է, ու կարող է բարդանալ այնքան, որ բուժմամբ զբաղվի ոչ թե ստոմատոլոգը, այլ արդեն դիմածնոտային վիրաբույժը։


 


Ինչո՞վ է վտանգավոր ստոմատոլոգին այցը ուշացնելը՝ կպատմի հենց «Արթմեդ» ԲՎԿ դիմածնոտային ծառայության վիրաբույժ Գրիգոր Գրիգորյանը Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականի հետ զրույցում:


Հավանաբար շատերը չգիտեն կամ չեն պատկերացնում, որ ընդամենը մեկ չբուժած ատամը, կարող է դառնալ առողջության, անգամ կյանքի սպառնալիք։ Կարիեսը և պուլպիտը նախ առաջացնում են պերիօդոնտիտ՝հարարմատային հյուսվածքների բորբոքում, հետո բորբոքային պրոցեսը տարածվում է ծնոտով մեկ՝առաջացնելով պերիօստիտ կամ ենթավերնոսկրային թարախակույտ,ինչպես նաև կարող է տարածվել  դեպի դիմածնոտային շրջանի փափուկ հյուսվածքներ՝առաջացնելով աբսցես կամ ֆլեգմոնա։


Հիվանդի ինքազգացողությունը վատանում է, ի հայտ են գալիս ինտոքսիկացիայի երևութներ, մինչև 40  ջերմության բարձրացում, ցավ, բերանի բացման սահմանափակում, մաշկի այտուց և հիպերեմիա։


Ինչպես պատմում է դիմածնոտային վիրաբույժ  Գրիգոր Գրիգորյանը, աբսցեսների ու ֆլեգմոնաների բուժումն արդեն պահանջում է վիրահատական միջամտություն և երբեմն ստացիոնար երկարատև բուժում. «Աբսցեսը պատիճավորված թարախային էքսուդատն է, իսկ ֆլեգմոնան բջջանքի տարածուն թարախային բորբոքումը: Կատարում ենք աբսցեսի կամ ֆլեգմոնայի բացահատում ու դրենավորում, ապահովում թարախի էվակուացիան, հետո նշանակում ենք դեղորայքային բուժում, անտիբիոտիկային թերապիա, հակահիստամինային, դեզինտոքսիկացիոն,ցավազրկող թերապիա: Հետվիրահատական շրջանը ստացիոնարում կախված է հիվանդի ընդհանուր վիճակից, հիվանդության բարձիթողիության աստիճանից»:


Ավելին, ո՛չ միայն չբուժած, այլև սխալ բուժված ատամը կարող է դառնալ դիմածնոտային լուրջ խնդիր։ Մասնավորապես, պատահում է, որ ոչ հմուտ ստոմատոլոգիական միջամտության արդյունքում հարքթային հայմորյան խոռոչներից մեկում պլոմբանյութ է հայտնվում։ Բժիշկ Գրիգորյանը ներկայացնում է դրա հավանական բարդությունները. «Կարող է զարգանալ սուր օդոնտոգեն (ատամնածին) հայմորիտ։ Խնդիրը ժամանակին չկանխելու դեպքում, կարող է առաջացնել մի շարք բարդություններ՝թարախաբորբոքային պրոցեսի տարածում դեպի դիմածնոտային շրջանի փափուկ հյուսվածքներ, հարքթային այլ խոռոչներ,դեպի ակնակապիճ,գլխուղեղ՝առաջացնելով այնպիսի ծանր բարդություններ ինչպիսիք են՝ դիմային երակի թրոմբոֆլեբիտ, մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ,ուղեղի աբսցես և այլն»:


Օդոնտոգեն հայմորիտի ժամանակ լինում է դեմքի շրջանում ծանրության զգացում, ճառագայթող ցավ դեպի աչք, քունք, ականջ, քթից արտադրություն՝ շճային կամ թարախային բնույթի,հնարավոր է սուբֆեբրիլ ջերմություն: Եթե սուր շճային կամ սուր թարախային հայմորիտ է, բուժումը կատարվում է կոնսերվատիվ դեղորայքային մեթոդներվ։Հեռացվում է ինֆեկցիայի աղբյուր հանդիսացող ատամը, նշանակվում են քթի  կաթիլներ կամ փչոցներ, հակաբիոտիկային թերապիա, հայմորյան խոռոչի պունկցիա և լվացումներ։ Քրոնիկ օդոնտոգեն հայմորիտի ժամանակ կատարվում է վիրահատություն, հեռացվում են օտար մարմինը և պաթոլոգիական հյուսվածքները։ Պարտադիր հեռացվում  է պատճառային ատամը՝ հայմորիտի կրկնությունը բացառելու համար։


 

Դիմածնոտային բժիշկը հիվանդ ատամից առաջացող մեկ այլ լուրջ խնդիր էլ է նշում։ Հաճախ այդ նույն չհեռացված ատամից կարող է առաջանալ կիստա: Կիստան հեղուկով լի բարորակ գոյացություն է, որը կարող է առաջանալ վերին ու ստորին ծնոտներում, ժամանակի ընթացքում մեծանում է, սկսում քայքայել ոսկրային հյուսվածքը: Երբեմն ոսկորն այնքան է բարակում, որ առաջանում է ծնոտի ախտաբանական կոտրվածք:


«Կիստայի առանձնահատկությունն այն է, որ զարգանում է առանց ախտանշանների, այնքան ժամանակ մինչև մարդը դեմքին չի նկատում անհամաչափություն և ուռածություն: Երբեմն կիստաները պատահաբար են հայտնաբերվում ԼՕՌ բժշկի կամ ստոմատոլոգի ցուցումով կատարված ռենտգենաբանական հետազոտության արդյունքում: Երբեմն կիստան կարող է ավելի վաղ հայտնաբերվել, եթե առաջանա կիստայի թարախակալում, ու հիվանդը ցավեր ունենա»,- ասում է բժիշկ Գրիգորյանը:




Սրանք դիմածնոտային այն խնդիրներն են, որոնք առաջանում են ատամներից, և դրանց լիարժեք բուժմամբ կարող է զբաղվել միայն դիմածնոտային վիրաբույժը։Դիմածնոտային բժիշկները հաճախ են կատարում հեռացումներ ոչ միայն բորբոքման պատճառ դարձած, այլև ռետենցված և կիսառետենցված, դիստոպիկ ատամների։ Դրանք այն ատամներն են,  որոնք գտնվում են ծնոտների մեջ, սխալ դիրք ունեն, չծկթած ժանիքներ կամ իմաստության ատամներ են, և հեռացվում են միայն վիրահատական միջամտությամբ, երբեմն անգամ պահանջվում է անեսթեզիոլոգիական ծառայություն՝ընդհանուր անզգայացում։ Դիմածնոտային վիրաբույժներն են զբաղվում նաև հղիների, սոմատիկ խնդիրներ ունեցողների ատամների հեռացումով, երբ անհրաժեշտ է ստացիոնար պայմաններ և տարբեր մասնագետների խորհրդատվություն։


«Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի դիմածնոտային ծառայությունում մեծ հաջողությամբ իրականացնում են նաև կոտրվածքների վերականգնում և պլաստիկ միջամտություններ: Այստեղ իրականացվող պլաստիկ միջամտությունները ունեն ինչպես էսթետիկ,այնպես էլ ֆունկցիոնալ-վերականգնողական նշանակություն: Օրինակ՝ կարող է կատարվել ֆունկցիոնալ-ռեկոնստրուկտիվ վիրահատություն, երբ վնասվածքի կամ նորագոյացության հեռացման հետևանքով առաջանում է արտաքին թքի դեֆեկտ կամ դեֆորմացիա,ինչպես նաև  կատարվում են երկորրդային, երրոդային էսթետիկ վիրահատություններ։


Օրթոգնատիկ վիրահատությունները ևս ունեն էսթետիկ և  ֆունկցիոնալ նշանակություն, դրանց շնորհիվ ուղղվում է սովորական դիրքից առաջ ու հետ տեղադրված ծնոտների կծվածքը:


«Արթմեդ» ԲՎԿ դիմածնոտային բաժանմունքը ընդունում է պլանային ու շտապ դեպքերով բազմաթիվ հիվանդները: Այստեղ կարևորվում է թիմային աշխատանքը.


պրոֆեսիոնալ բարձր մակարդակում հզոր ախտորոշիչ կենտրոնի, նյարդաբանական, ԼՕՌ ծառայությունների հետ սերտ համագործակցությամբ պացիենտներին մատուցվում է արդյունավետ ու լիարժեք բուժում:

Ավելին

Հեշտոցի պատերի արտանկում. ի՞նչ անել

Կին ու մայր լինելը մեծ պատասխանատվություն է ոչ միայն ամուսնու և երեխաների, այլ նաև սեփական առողջության հանդեպ: Կանայք հաճախ անտեսում են իրենց առողջական խնդիրները, հետաձգում գինեկոլոգին այցելությունը այնքան մինչև խնդիրն ավելի չի բարդանում: Նրանք մոռանում են, որ առողջ կինը նաև երջանիկ ու գեղեցիկ կինն է, իսկ եթե երջանիկ է կինը, երջանիկ է նաև ընտանիքը: Կնոջ առողջությանը սպառնացող առավել հաճախ հանդիպող խնդիրների ու դրանց բուժման մասին Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը /mednews.am/ խոսել է «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ, վիրաբույժ Գրիգոր Սերոբի Գրիգորյանի հետ:

Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնի գինեկոլոգիական թիմը զբաղվում է կանացի վերարտադրողական համակարգի հիվանդությունների կոնսերվատիվ բուժմամբ, ցանկացած բարդության բաց և լապարասկոպիկ վիրահատական միջամտություններով. «Կնոջ առողջական խնդիրները շատ են՝ միոմաների, կիստաների, աբսցեսների հեռացում, հեշտոցի պատերի իջեցման շտկում, արգանդային դիսֆունկցիոնալ արյունահոսություն, չբերություն և այլն: Բոլոր դեպքերում, անկախ բարձիթողիության աստիճանից, մենք կարողանում ենք գոհացուցիչ արդյունքներ գրանցել: «Արթմեդի» տեխնիկական զինվածությունը մեզ օգնում է նախ ճշգրիտ ախտորոշում ունենալ, երկրորդ՝ նորագույն մեթոդներով ու տեխնոլոգիաներով վիրահատություններ կատարել՝ կիրառելով լապարասկոպ, լազերային, էլեկտրական վիրադանակներ»:

Վիրահատության ենթակա խնդիրները շատ են. միոմաների, կիստաների, աբսցեսների հեռացում, դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություն, հեշտոցի պատերի իջեցում և այլն: Գինեկոլոգը կանգ է առնում հատկապես վերջինի վրա:
 
Շատ կանայք հազալիս կամ փռշտալիս մեզի անկառավարելի հոսք են ունենում: Ու պատճառը հենց հեշտոցի պատերի իջեցումն է: Ծննդաբերությունը, հետծննդաբերական պատռվածքները և կապանների թուլացումը նպաստում են, որ հեշտոցի պատերը իջնեն, դրանք էլ իջնելով ճնշում են միզապարկի վրա, որը լայնանում է, կախվում հեշտոցի հետ, ու միզապարկի լցվածությունը կանայք չեն զգում: Սա, իհարկե, տհաճ խնդիր է, որը խանգարում է կնոջը առօրյայում և սոցիալական ակտիվ կյանքում: Ու որքան էլ զարմանալի թվա, քիչ կանայք գիտեն, որ այս տհաճ խնդրից կարող են ազատվել: Իսկ այս խնդրից կանայք ոչ թե կարող են, այլ պետք է ազատվեն, -ասում է բժիշկ Գրիգորյանը, որովհետև բարձիթողի վիճակում այն արդեն առաջացնում է արգանդի արտանկում, ինչը ավելի ծավալուն վիրահատական միջամտություն է պահանջում. «Եթե ունենում ենք միայն հեշտոցի պատերի իջեցում, ապա կատարվում է հեշտոցի պատերի պլաստիկա, միզապարկը բարձրացնում ենք վերև, հատուկ ցանց ենք դնում և հեշտոցին տալիս օրիորդ վիճակի տեսք: Բայց եթե իջեցումը շատ է լինում, դրա հետ մեկտեղ կատարվում է լրացուցիչ վիրահատություն որովայնահատումով և արգանդը ֆիքսվում է դարավանդին»: Իհարկե, եթե կինը գոնե տարին մեկ անգամ գինեկոլոգին այցելելը սովորություն դարձնի, կխուսափի ոչ միայն այս, այլև շատ այլ բարդ միջամտություններից: Ամենամյա հետազոտությունները կնոջը օգնում են կանխարգելել դրանք ու պահպանել առողջությունը .«Կարևոր է հետազոտվելը՝ սկսած ՊԱՊ թեսթի հանձնումից. ՊԱՊ քսուքի օգնությամբ վաղ հայտնաբերվում են ոչ միայն նախաքաղցկեղային զարգացումները, այլև արգանդի պարանոցի լորձաթաղանթի բջիջների փոփոխությունները, այդ թվում սնկային, բորբոքային զարգացումները: Այդ թեստի շնոորհիվ մենք հայտնաբերում ենք տարբեր նոր սկսվող խնդիրներ, որոնք նաև կոնսերվատիվ են բուժվում են: Կարելի է ասել, որ ՊԱՊ քսուքը կանանց փրկություն է: Բայց պատահում է, որ հետազոտության պատասխանը ինչ-որ խնդիր է ցույց տալիս, բժիշկը տեղեկացնում է, որ պետք է բուժում սկսել, բայց քանի դեռ կինը գանգատներ չունի, հետաձգում է բուժումը»:

Համենայն դեպս որոշակի դրական առաջխաղացում գրանցվել է սեփական առողջության հանդեպ կանանց վերաբերմունքի մեջ, նրանք ավելի ուշադիր են ու ավելի հաճախ են դիմում գինեկոլոգներին. այդ է վկայում սեռավարակների և չբերությունների նվազումը. «Իհարկե պատահում են կոլպիտներ՝ հեշտոցի լորձաթաղանթի բորբոքումներ, որոնց առաջացման պատճառ կարող են լինել նաև սեռական ճանապարհով փոխանցվող բակտերիաները: Բնականաբար, այս դեպքում կնոջ հետ պետք է բուժվի նաև ամուսինը: Ուրախալի է, որ քչացել են չբերության խնդրով դիմող կանայք: Ընդհանարապես կանանց առաջնային չբերությունները ավելի քիչ են լինում, հիմնականում խնդիրը ամուսնու հետ է կապված լինում: Կինը ստեղծված է իդեալական: Նրա օրգանիզմն ունի ինքնակարգավորման հզոր մեխանիզմ, ինքն իրենով կարողանում է բալանսի գալ: Ու միայն շատ քիչ դեպքում, եթե կա խախտում, որը ինքնակարգավորման ենթակա չէ, անհրաժեշտ է լինում մեր օգնությունը: Բժիշկը լուրջ ու հիմնավոր մոտեցում պետք է ցուցաբերի: Կնոջ օրգանիզմը 2 հորմոնների՝ էստրոգեն և պրոգեստերոն, անընդհատ խաղ է, շղթայական կապով: Հենց խաղի այդ շղթայում է, որ կարող է ինչ-որ բան խախտվել: Փորձառու գինեկոլոգը անմիջապես կգտնի խախտված օղակը ու կշտկի: Ես ունեցել եմ և՛ առաջնային, և երկրորդային չբերություն ունեցող պացիենտներ, որոնք բուժվել են ու վայելել մայրանալու բերկրանքը: Իսկ դրանից մեծ ուրախություն ու ներքին բավարարություն բժշկի համար չի լինում»:  Բժշկին ուրախացնում է նաև այն, որ ավելի ու ավելի շատ կանայք են սկսել նախընտրում այցելել տղամարդ գինեկոլոգի. «Եթե կինը դիմել է ինձ, ես ամեն ինչ անելու եմ, որ ճիշտ ու թիրախավորված օգնություն տրամադրեմ: Ընդհանրապես տղամարդ մասնագետին կանայք ավելի մեծ հավատով ու վստահությամբ են վերաբերվում», - կարծում  է նա:

Ավելին

Ի՞նչպես փոփվեց բժշկական կենտրոնների աշխատանքը կորոնավիրուսի արդյունքում

Կորոնավիրուսը կաթվածահար արեց մեր կյանքը, փոխեց մեր առօրյան, պարտադրեց իր օրենքները: Բայց այս անտեսանելի թշնամու հասցրած վնասը միայն հիվանդների թվով չի սահմանափակվում, այն հարվածեց նաև տարբեր ոլորտների աշխատանքին, այդ թվում նաև, որքան էլ զարմանալի թվա, բժշկական կենտրոնների: Այն բժշկական կենտրոնները, որոնք չեն ընդունում կորոնավիրուսով վարակված հիվանդների, որոշակի դժվար իրավիճակում են հայտնվել: Թե ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել բժշկական կենտրոնները, Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը /mednews.am/ փորձել ենք պարզել «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Արթուր Աբգարյանից:

- Ի՞նչ առաքելություն է ստանձնել Արթմեդը կորոնավիրուսային վարակի այս օրերին ու ինչ խնդիրներ է առաջացրել կորոնավիրուսային համաճարակը բժշկական կենտրոնների համար:

-Կարծում եմ՝ կարևոր է, որ առողջապահական համակարգում գործեն, թե համաճարակի դեմ պայքարող հիվանդանոցներ, թե բժշկական ընդհանուր պրոֆիլի կենտրոնններ, որտեղ մարդիկ կարող են այցելել այլ առողջական խնդիրների պարագայում՝ չառնչվելով կորոնավիրուսով վարակվելու վտանգի հետ: Արթմեդը, որպես կենտրոն, որտեղ կան բազմաթիվ բացառիկ ծառայություններ, առաքելություն է ստանձնել անել այնպես, որ ուռուցքային, ծանր խրոնիկ հիվանդություններ ունեցող ու վերականգնողական բուժման կարիք ունեցող հիվանդները կարողանան շարունակեն իրենց բուժումը: Բայց իհարկե համավարակի տարածումը ազդել է մեր աշխատանքի ակտիվության վրա: Մեր պլանային բուժում անցնող հիվանդների թիվն է զգալի պակասել: Հիմա մենք աշխատում ենք մեր նախկին ծավալի կեսի չափով, որովհետև մարդիկ, վախենալով վարակից, խուսափում են բժշկական հաստատություններ դիմել: Բայց դա զգալի վատթարացնում է քրոնիկ հիվանդների վիճակը: Ու այս օրերին գալիս են հիմնականում ծանր հիվանդներ, իսկ սա կրկնակի ծախս է, ու հիվանդանոցներն այսօր ֆինանսական ծանր վիճակում են: Նրանք, ովքեր տարին մեկ կամ երկու անգամ, հիմնականում գարնանը գալիս էին ու իրենց ստացիոնար դեղորայքային բուժումը մասնագետի հսկողությամբ ստանում, ինչի շնորհիվ ռեմիսիան երկար պահպանվում էր, այս գարնանը չեկան: Ու չգալու հետևանքով այդ հիվանդների մի մասին ընդունել ենք արդեն բավական ծանր վիճակում: Անգամ կանխատեսում եմ, որ շուտով կունենանք նաև ուռուցքային հիվանդությունների բարձիթողի վիճակների աճ, որովհետև մարդիկ այս ընթացքում խուսափել են պոլիկլինիակներից ու ախտորոշիչ կենտրոններից: Որոշ չափով մեր ազգաբնակչության մեջ արդեն ձևավորվել էր բժշկին շուտ դիմելու մշակույթը, մարդիկ սկսել էին գիտակցել դիագնոստիկայի ու հիվանդությունների վաղ հայտնաբերման կարևորությունը: Հիմա ստիպված սպասում են, հետաձգում, իսկ հիվանդությունը խորանում է: Իսկ բարձիթողի վիճակում բուժումը վատ է թե՛ հիվանդի, թե՛ հիվանդանոցի համար: Այնպես որ հորդորում եմ, որ գանգատների դեպքում չխուսափեն բժշկի դիմել, չվատթարացնեն իրենց առողջական վիճակը: Մեր բաժանմունքներն ու ծառայությունները լիարժեք գործում են, ծառայությունները տրամադրվում են նաև սոցփաթեթի ու պետպատերի շրջանականերում: Մենք նաև հստակ հետևում ենք անվտանգության բոլոր կանոներին, տարածքը պարբերաբար ախտահանվում է հատուկ լուծույթներով, բուժանձնակազմը մշտապես դիմակներ է կրում, բոլոր բաժանմունքներում վիրուսները ոչնչացնող ուլտրամանուշակագույն լույս արձակող սարքեր են տեղադրված, բոլոր այցելուներին ջերմաչափում ենք վիրուսի տարածումը կանխարգելելու համար:


-Ի՞նչ լուծում եք տեսնում այս պարագայում, չէ՞ որ չգիտենք՝ ինչքան կտևի համավարակը:


- Պարզապես մարդիկ պետք է իրազեկ լինեն, որ այս օրերին այլ հիվանդությամբ հիվանդանալը դատավճիռ չէ, կան բժշկական կենտրոններ, որոնք կորոնավիրուսային մեկուսարաններ չեն ինչպես «Արթմեդը», կամ կիսով են այդպիսիք ու դրանք պատրաստ են նրանց ընդունել ու բուժել: Ի դեպ բոլոր բժշկական կենտրոններն այս օրերին իրար աջակցում են, եթե ինչ-որ մի տեղ ազատ մահճակալ չեն ունենում, ուղղորդում են այլ կենտրոն: Առողջապահության մեջ չկա այդպիսի բան, որ ինչ-որ մեկը չցանկանա օգնել կամ միտումնավոր չօգնի: Դա մասնագիտական պարտք է, որը բնավորություն է դարձել մեր համակարգում: Քիչ-քիչ բոլորս էլ հարմարվեցինք այս իրավիճակին, պետք է շարունակենք պահպանել էպիդեմիոլոգիական ռեժիմը, որից հետո արդեն վարակվելու հավանականությունն էլ շատ ցածր կլինի:


-Ի՞նչ պիտի անի նախարարությունը օժանդակելու համար բժշկական կենտրոններին:

- Կառավարությունը միգուցե որոշումներ կայացնի ու փորձի բուժման գների բարձրացման, բանկային ցածր տոկոսով կամ անտոկոս վարկավորումների, գրանտների միջոցով բարելավի բժշկական կենտրոնների վիճակը:


-Արդյո՞ք ճիշտ ռազմավարություն ընտրեց մեր պետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում:
-Ռազմավարությունն ամբողջ աշխարհում նույնն է: Այստեղ կարևորը հստակ սահմանափակումներն են, հիվանդների մեկուսացումը, որոնք արվեցին հենց սկզբից: Դրանք առաջին լուրջ ու ճիշտ քայլերն էին, որ արվել են: Բայց ոչ ոք չէր սպասում նման մասշտաբի տարածում, որովհետև շուտ էին սկսել առաջն առնել: Պարզապես պետք էր խիստ վերաբերվել կարանտինային կարգին, ու քաղաքացիների առաջին 2 շաբաթվա մեկուսացումը պետք է երկար պահպանվեր: Հիմա իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել: Չպետք է հետ նայել, պետք է հիմա ավելի խիստ լինել, ավելի սահմանափակել: Պարզապես հենց մենք՝ քաղաքացիներս էլ, մի քիչ անլուրջ վերաբերվեցինք: Համավարակի այս մասշտաբի տարածման մեջ պետք չէ պատասխանատվությունը գցել միայն առողջապահության վրա, յուրաքանչյուրն ունի իր մեղքի բաժինը:


-Մեր առողջապահության համակարգը ի զորու՞ է հաղթահարել քովիդը:

-Իհարկե, ունենք մասնագետներ, բժշկական կենտրոններ, արվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները: Աստիճանաբար այս բռնկումը կանցնի, դրան կնպաստի նաև եղանակը, մարդկանց իմունիտետը ավելի բարձր է հիմա: Բացի այդ, հիմա մարդիկ ավելի զգույշ են: Մարդկանց մի ստվար խումբ կար, որ չէր հավատում, անգամ բժիշկների մեջ կային այդպիսիք, որ մինչև իրեն բարեկամ-ծանոթներից կամ հենց իրենք չհիվանդացան, չհավատացին:
-Սա շատ նենգ հիվանդություն է, մարդիկ պետք է զգույշ լինեն, հետևեն հիգիենայի կանոններին: Այս համավարակի տարածումը կանխելու և պաշտպանվելու այլ տարբերակ չկա: Ամբողջ աշխարհն է այդպես անում: Մենք էլ բացառություն չենք: Պետք չէ ցեխ շպրտել առողջապահության նախարարության աշխատանքի վրա: Այստեղ գիշերուզօր աշխատում են , ամեն ինչ անում օգնելու, բուժելու, կանխելու համար: Մենք էլ մեր կողմից պետք է օգնենք՝ ընդամենը սահմանված կանոններին հետևելով:


Ավելին

Ի՞նչ անել հայմորիտի դեպքում

«Արթմեդ» բժշկավերականգնողական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների (ԼՕՌ) ծառայությունը մեծ հաջողությամբ իրականացնում է փոքրերի ու մեծահասակների բարձրակարգ վիրաբուժական ու թերապևտիկ բուժում՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան։ Ծառայության ղեկավար Արայիկ Ղարիբյանին դիմող յուրաքանչյուր բուժայցելու ստանում է լիարժեք ու արդյունավետ բուժօգնություն, արժանանում սրտացավ ու բարեհամբույր վերաբերմունքի։ Այստեղ աշխատում են, որ Դուք լավ լսեք և ազատ շնչեք։

Չկարողանալ քթով ազատ շնչել, նշանակում է ապրել կիսով չափ․ կորցնել աշխարհի հոտերն ու համերն զգալու հնարավորությունը։ Դժվարացած շնչառության պատճառ կարող են լինել տարբեր սուր շնչառական հիվանդությունները (ՍՇՀ), հայմորիտները, քթի պոլիպները։ Կորոնավիրուսը ստիպեց, որ բոլորս անգիր անենք սուր շնչառական հիվանդությունների ախտանշաններն ու դրանց բուժման մեթոդները։ Բայց քիթ-կոկորդի այլ հիվանդություններ ևս, որոնք իրենց ախտանշաններով նման են ՍՇՀ-ներին ու պակաս վտանգավոր չեն։ Այդպիսին են հայմորիտները։ Հայմորիտը հայմորյան խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է, որը առաջանում է վիրուսային սուր շնչառական հիվանդությունների, խեցիների մեծացման, միջնապատի ծռվածության, ալերգիկ ռինիտների կամ պոլիպոզների պատճառով։ Հայմորիտի ժամանակ փակվում է հայմորյան խոռոչների արտահոսքը, արտադրությունը կուտակվում է խոռոչներում, վերածվում թարախի, առաջացնում բորբոքում։ Գանգատները լինում են նաև ուժեղ ցավեր այտոսկրերի ու ճակատի շրջանում, որոնք ուժեղանում են կռանալիս, թարախի հոտ քթից ու քթի փակվածություն։ Բժիշկ Ղարիբյանի խորհուրդն է՝ ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել ու հնարավորինս շուտ դիմել բժշկի․ «Ժամանակին չբուժված հայմորիտը կրկնակի բարդությունների պատճառ է դառնում ախտահարելով աչքերը, ականջները, բացասական ազդում տեսողության ու լսողության վրա։ Ավելի վատթար դեպքերում այն կարող է առաջացնել մենինգիտ»։

Ամեն դեպքում եթե մարդը սկսել է ոչ լիարժեք շնչել, պետք է դիմի ԼՕՌ բժշկի՝ լիարժեք ու վերջնական բուժում ստանալու համար։ Ազատ շնչառությանը կարող են խանգարել նաև պոլիպները և ադենոիդները։ Պոլիպները լորձաթաղանթի գերաճ են, որոնք առաջանում են հիմնականում էթմոիդալ խորշիկներում, և ուղեկցվում են ալերգիկ ռինիտներով և բուժվում են էնդոսկոպիկ միջամտությամբ, որից հետո պացիենտը 6 ամիս գտնվում է ԼՕՌ բժշկի հսկողության ներքո։ Իսկ ադենոիդները, որ ժողովուրդի մեջ հայտնի են որպես քթի միս, կարող են խանգարել ազատ ծնչել ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին։ ԼՕՌ բժիշկ Արայիկ Դ․ Ղարիբյանին իր բազմամյա պրակտիկայի ընթացքում բավական հաճախ այդ խնդրով դիմել են հենց մեծահասակներ․ «Մարդիկ երկար ժամանակ տանջվել են՝ կրելով վատ շնչառության բացասական հետևանքները, առանց կասկածելու, որ ադենոիդ ունեն։ Եվ բուժումից հետո զգալիորեն բարելավել են իրենք կյանքի որակը․ երբ սկսում ես ավելի ազատ շնչել, կյանքն ու աշխարհն էլ ավելի ազատ ու սրտաբաց ես ընդունում»։

Երեխաների դեպքում ադենոիդի հեռացումն էլ ավելի ակնհայտ դրական ազդեցություն է թողնում նրանց օրգանիզմի, անգամ առաջադիմության վրա, երեխան դառնում է ավելի կայտառ և կենտրոնացած։ Նույն դրական փոփոխությունը ծնողները նկատում են նաև նշիկների հեռացումից հետո։ Նշիկները հեռացնում են նաև մեծահասակները, բայց թե մեծերի, թե փոքրերի նշիկների հեռացումը պետք է ունենա ցուցումներ, որոնք կարող է տալ միայն փորձառու բժիշկը․ «Եթե առկա է նշագեղձերի վիրուսային կամ հազվադեպ նաև բակտերիալ քրոնիկ բորբոքում (տոնզիլիտ), երեխան հաճախ է հիվանդանում անգինայով (երեխաները՝ տարեկան 7-ից ավելի անգամ, պատանիներն ու երիտասարդները՝ 5 անգամ, միջին տարիքի մարդիկ՝ 3 անգամ), նշագեղձերը այնքան են մեծացել, որ փակել են կոկորդի լուսանցքը, քմային աղեղների և նշիկների միջև առաջացել են կպումներ, սեղմելիս երևում է թարախի ձևափոխված արտադրություն և քսուքային հետազոտությունը ցույց է տալիս ստրեպտոկոկ, ապա պետք է նշիկները հեռացնել»։

Երեխաների նշագեղձերը կարելի է հեռացնել 4 տարեկանից, իսկ մեծահասակներինը՝ մինչև 63 տարեկանը։ Նշիկների հեռացման առաջին ցուցումը, ինչպես տեսանք նշիկաբորբն է՝ տոնզիլիտը։ Տոնզիլիտը բացասական է ազդում մարդու օրգանիզմի վրա, այդ ազդեցությունը բժիշկ Ղարիբյանը տպավորիչ բնութագրում է այսպես․ «Այն կրծում է սիրտը, լիզում հոդերը․ քրոնիկ նշիկաբորբը հաճախ մեծահասակների սիրտանոթային և հոդային տարբեր խնդիների առաջացման պատճառ է դառնում։ Բացի այդ տոնզիլիտը հաճախակի անգինաների պատճառ է, դա էլ իր հերթին կարող է ախտահարել տարբեր օրգան համակարգեր, ու ավելի մեծ վնաս հասցնել օրգանիզմին։ Հիմա մարդիկ ավելի տեղեկացված են, ու թույլ չեն տալիս, որ հիվանդությունը հանգեցնի հոդերի ախտահարման, գիտակցում են բարդությունների հավանականությունը ու ավելի վաղ են դիմում մեզ»։

Ընդհանրապես բժիշկ Ղարիբյանը հորդորում է անհանգստացնող գանգատներ լինելու դեպքում մասնագետի դիմել հնարավորինս վաղ, ու ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ։

Ավելին

Էնդոպրոթեզավորում. որո՞նք են առավելությունները

Եթե ունեք ոչ մշտական բնույթի ցավեր հոդի շրջանում, որոնք երբեմն կարող են ունենալ ճառագայթող բնույթ, ապա այս ախտանիշները կարող են վկայել զարգացող օստեոարթրոզի մասին։ Դեֆորմացնող օստեոարթոզը և հետվնասվածքային արթրոզները օրթոպեդիայում ամենից հաճախ հանդիպող հիվանդություններն են։


Օրթոպեդ-վնասվածքաբան Արտակ Գալստյանի խոսքերով երկրագնդի բնակչության շուրջ 20 տոկոսը տառապում է օստեոարթրոզով։

 

Հաշմանդամության հանգեցնող հիվանդությունների ցուցակում օստեոարթրոզները առաջատար տեղ են զբաղեցնում։ Այսպիսի ծանր և անցանկալի հետևանքի են հանգեցնում հատկապես կոնքազդրային(կոքսարթրոզ) և ծնկան(գոնարթրոզ) հոդերի օստեոարթրոզները։ Դեֆորմացնող օստեոարթրոզն իր զարգացման ընթացքում ախտահարելով հոդը կազմող մակերեսները առաջացնում է հոդաճառի դեգեներատիվ փոփոխություններ, որոնք ի վերջո հանգեցնում են հոդում շարժումների սահմանափակման` ընդհուպ մինչև ամբողջական անշարժացում։ Այս հիվանդության ռիսկի գործոնների շարքին են դասվում առաջին հերթին տարիքը, մարմնի ավելորդ քաշը, ինչպես նաև ժառանգական նախատրամադրվածությունը։ Հետվնասվածքային արթրոզի պարագայում, նշված անցանկալի բարդությունները հետևանք են տարած վնասվածքի։ Այս խնդիրների դեպքում բացառիկ կարևորություն է ձեռք բերում հիվանդի կողմից առաջին ախտանիշները նկատելուն պես անմիջապես վստահելի մասնագետի դիմելը, քանի որ ժամանակին կատարված ճիշտ բուժումը, կարող է երկարացնել հոդի կյանքը, և նշանակալիորեն բարձրացնել հիվանդի կյանքի որակը։


Օրթոպեդ-վնասվածքաբան Արտակ Գալստյանը իր կուտակած աշխատանքային փորձից ելնելով՝ նշում է, որ ցավոք մեզանում հիվանդները բժշկի դիմում են հիվանդության զարգացման բավական ուշ փուլերում, երբ այլևս պահպանողական մեթոդներն անարդյունավետ են, և հոդի շարժունակությունը վերականգնելու միակ արդյունավետ մեթոդը էնդոպրոթեզավորումն է։

 

Էնդոպրոթեզավորում. որո՞նք են առավելությունները


Էնդոպրոթեզավորում կատարելու մեկ այլ հաճախ հանդիպող ցուցում է հանդիսանում ազդրոսկրի վզիկի կոտրվածքը, որը ինչպես դեֆորմացնող օստեոարթոզի դեպքում հատուկ է բարձր տարիքային խմբին՝ հիմնականում վաթսունից բարձր տարիքի կանանց, պայմանավորված ոսկրի սնուցման խանգարումներով և պոստմենոպաուզալ շրջանում հաճախ հանդիպող օստեոպորոզով, որը կոտրվածքների համար լրացուցիչ ռիսկի գործոն է հանդիսանում։ Ներկայումս, այս կոտրվածքների դեպքում ցուցված է վիրահատական բուժում, որը թույլ է տալիս հիվանդին հնարավորինս կարճ ժամկետներում ոտքի կանգնեցնել, խուսափելով անշարժության հետ կապված այնպիսի անցանկալի բարդություններից, ինչպիսիք են՝ թոքերում կանգային երևույթները, պառկելախոցերը և այլն։


Մեր հանրության շրջանում տարածված է վախը էնդոպրոթեզավորման հանդեպ։ Ոմանք նույնիսկ նախընտրում են ապրել տանջալից ցավերի և հաշմանդամության պայմաններում խուսափելով վիրահատությունից։ Այդ անվստահության պատճառն ըստ բժիշկ Արտակ Գալստյանի սրանից 15-20 տարի առաջ կատարված վիրահատություններն են, որոնք չունենալով կատարման ներկայիս տեխնիկան ու որակը հանգեցնում էին որոշակի բարդությունների։ Մեր օրերում այսպիսի մտահոգությունները բացարձակապես անհիմն են, քանի որ որակյալ պրոթեզների օգտագործմամբ արհեստավարժ մասնագետի կողմից կատարված վիրահատություն ժամանակ, հետվիրահատական բարդությունների առաջացման հավանականությունը հասնում է նվազագույնի։ Ճիշտ կատարված վիրահատությունն ազատում է տանջող ցավից, վերականգնելով շարժումների ազատությունն ու բարձրացնելով կյանքի որակը։ Բժիշկ Արտակ Գալստյանը նախընտրում է աշխատել Ջոնսոն ընդ Ջոնսոն (Johnson&Johnson) ընկերության արտադրած բարձրորակ էնդոպրոթեզներով, որոնք բացի մատչելիությունից առանձնանում են բարձր արդյունավետությամբ։ Ի դեպ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ցանկացած էնդոպրոթեզի գործունեության ժամկետը սահմանափակ է, և այս առումով բացառիկ կարևորություն է ձեռք բերում բժշկի կողմից հիվանդի հմուտ վարումը, որը թույլ կտա, հնարավորության սահմաններում պահպանել հոդն ու հետաձգել վիրահատությունը, իսկ դրա անհնարինության պարագայում հմտորեն կատարված վիրահատությամբ և հետվիրահատական շրջանում հիվանդի ճշգրիտ վարման միջոցով հնարավորինս հետաձգել կրկնակի վիրահատության ժամկետները։ Քանի որ, եթե առաջնակի վիրահատության բարդությունների զարգացման հավանականությունը 1-2 տոկոս  է կազմում, որը մեծամասամբ պայմանավորված է ուղեկցող հիվանդություններով, և օրգանիզմի սթրեսային ռեակցիայով,  ապա կրկնակի վիրահատության պարագայում այս հավանականությունը նշանակալի ավելանում է՝ հասնելով 4-5 տոկոսի։ Օրթոպեդ-վնասվածքաբան Արտակ Գալստյանը, առաջնորդվում է բազմաթիվ թիմային քննարկումների և վիրահատության ճիշտ պլանավորման շնորհիվ հնարավորինս փոքր կտրվածքով մեծ արդյունքների հասնելու սկզբունքով, քանի որ անհարկի կատարված խոշոր կտրվածքները լրացուցիչ վնասվածքի են ենթարկում հիվանդին, որն անկասկած անցանկալի է։ Էնդոպրոթեզավման վիրահատության համար, բժիշկը սկզբունքային է համարում, որ էնդոպրոթեզը տեղադրվի այնպես, որ վիրահատությունից 45 օր հետո լիարժեք սերտաճի ոսկրային հյուսվածքին, բացառելով խնդիրների առաջացման հավանականությունը և ազատելով հիվանդին հենակներից օգտվելու անհրաժեշտությունից։

 

Էնդոպրոթեզավորում. որո՞նք են առավելությունները


Բժիշկ Գալստյանը մեծ դեր է հատկացնում նաև հիվանդի իրազեկվածությանը, մանրակրկիտ բացատրում է հիվանդությունը, վիրահատության մեթոդներն ու ակնկալվող արդյունքները, քանզի ինչպես ինքն է նշում տեղեկացված հիվանդն ավելի հանգիստ ու վստահ է անցնում բուժման ընթացքը։ Բացի այդ օրթոպեդ-վնասվածքաբան Արտակ Գալստյանն իր հիվանդներին ցուցումների ցանկ է տրամադրում, որտեղ հստակ նշված են լինում այն ռեժիմն ու գործողությունների  շարքը, որին պետք է հետևի հիվանդը հետվիրահատական շրջանում։

Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում, որտեղ ներկայումս աշխատում է բժիշկ Արտակ Գալստյանը խոշոր հոդերի տոտալ էնդոպրոթեզավորումը կատարվում է ողնուղեղային անզգայացմամբ։ Դա հիվանդին հնարավորություն է ընձեռում հետևել  վիրահատության ընթացքին, համոզվել, որ տեղադրվում է հենց այն էնդոպրոթեզը, որն իրեն ներկայացվել է ու որի համար վճարել է։ Բացի այդ  վիրահատությունից հետո հիվանդին տրամադրվում են նաև էնդոպրոթեզի փաստաթղթերը՝ հերթական սերիական համարանիշով։  Այսպիսով ապահովելով մաքսիմալ թափանցիկություն, և թույլ չտալով որ որևէ կասկած սեպ խրի բժիշկ-հիվանդ փոխադարձ վստահության ձևավորման գործում։

Ավելին

Կապ մեզ հետ