Արթմեդ բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանին հանդիպեցինք աշխատավայրում երեկոյան ժամը 10-ին: Հարցազրույցի պայմանավորվելու համար ասում էր՝ եկեք երբ հարմար է, ես օր ու գիշեր այստեղ եմ:
Պատերազմը սկսելու հաջորդ օրվանից տանն անցկացնում է ընդամենը 1-2 ժամ, որովհետև անընդհատ կազմակերպչական ու բուժական բազում հարցեր է պետք լուծել հիվանդանոցում. “Պատերազմի լուրը ստանալուց հետո արագ կապ է հաստատեցի ՊՆ ռազմաբժշկական վարչության հետ, ու հայտնեցի, որ Արթմեդ բժշկական կենտրոնը պատրաստ է բոլոր կարողություններով օգտակար լինել վիրավոր զինվորներին ու կամավորներին: Հաջորդ օրն իսկ արդեն մեզ մոտ տեղափոխվեցին տարբեր վնասվածքներով առաջին պացիենտները: Մեր կենտրոնի սպեցիֆիկայից ելնելով՝ ընդունեցինք ոչ միայն վիրահատական միջամտության անհրաժեշտություն ունեցող պացիենտներին, այլև ներգրավեց Սթրես բաժանմունքը, որտեղ պատերազմի պատճառով սուր սթրեսային համախտանիշ ու իրավիճակային ռեակցիաներ ունեցող զինվորներ ու քաղաքացիների բուժօգնությունը կազմակերպեցինք: Այս ընթացքում նաև նյարդաբանական ու սուր շնչառական խնդիրներ ունեցող պացիենտների սկսեցինք ընդունել”,-պատմում է Արայիկ Ղարիբյանը:
Բացի նրանից, որ ընդունել են պացիենտներին ու արել ամեն ինչ պրոֆեսիոնալ բուժօգնություն ցուցաբերելու համար, Արթմեդ ԲՎԿ կոլեկտիվը ինքնակազմակերպվել է, իրենց ու ընկերների ուժերով փորձել են ապահովել սնունդ ու հագուստ նոր տեղափոխված զինվորների համար, որպեսզի պետությունը իր նախատեսած միջոցները առավելագույնս կարողանա այլ կարիքների ուղղել: Մինչ այսօր էլ փորձում են պետության միջոցները նվազագույն չափով օգտագործել, չնայած որ պետությունը տրամադրում է անհրաժեշտ ամեն ինչ.
“Իհարկե մի շարք կազմակերպություններ ու մարդիկ էլ բարեգործական հիմունքներով օգնեցին՝ զինվորներին ու Արցախից եկած նրանց հարազատներին անհրաժեշտ պարագաները ապահովելու համար: Մենք այսօր էլ չենք հրաժարվում նման բարեգործական օգնությունից, ու փոխանցում ենք՝ ում անհրաժեշտ է: Նաև ուզում եմ շեշտել, որ մեզ օգնության եկան նաև հոգեբան կամավորների խումբը, ովքեր մինչ այսօր էլ գրաֆիկով աշխատում են մեզ մոտ պառկած պացիենտների հետ, որպեսզի հոգեպես էլ տղաները արագ վերականգնվեն: Մեզ շատ ոգևորում է մարդկանց պատրաստակամությունը, ու անչախ շնորհակալ ենք այս բարդ իրավիճակում մեր կողքին կանգնելու համար”,-ասում է Արայիկ Ղարիբյանը:
Ինչ վերաբերում է հարազատներին շատ հետաքրքրող տեսակցության հարցին, Արայիկ Ղարիբյանն ասում է, որ իրենք ընտանիքի անդամներին թույլ տալիս են կարճաժամկետ տեսակցել իրենց զինվորներին. “Մարդիկ ահավոր սթրես են տարել այս ընթացքում ու լարված են, դրա համար մենք թույլ տալիս ենք, որ տեսնեն իրենց զինվորին, համոզվեն, որ լավ է: Իհարկե պարտադրում ենք, որ պահեն կորոնավիրուսի չտարածման բոլոր կանոնները, որովհետև ռազմական այս իրավիճակում մենք միևնույնն է խնդիր ունենք նաև ապահովել, որ հանկարծ կորոնավիրուսի տարածում չունենանք հիվանդանոցի ներսում:Այս բոլոր ամիսներին դա մեզ մոտ շատ լավ հաջողվել է, դրա համար նաև մեզ մոտ տեղափոխված ցանկացած զինվոր մինչև ընդհանուր պալատ տեղափոխվելը նաև կորոնավիրուսի անվճար է տեստ է հանձնում մեր մյուս տղաներին չվարակելու համար”,-հավելում է նա:
Արայիկ Ղարիբյանին ոգևորել է պառկած տղաների ոգին: Ասում է շատերը անընդհատ հարցնում են՝ երբ եմ վերադառնալու առաջնագիծ, իսկ ինքն ասում է. ‘’Քիչ ուշ գնացեք, բայց ապաքինված գնացեք, որ կարողանաք լիարժեք կատարել Ձեր առջև դրված մարտական խնդիրները”:
Իսկ զինվորներին ապաքինելու համար Արթմեդ բժշկական կենտրոնի մասնագետները՝ վիրաբույժները, վնասվածքաբան-օրթոպեդները, դիմածնոտային վիրաբույժները աշխատում են առանց հանգստանալու ու մեծ նվիրվածությամբ, առանց հոգնելու ու այդ մասին մտածելու, որովհետև բժիշկը պատերազմի ժամանակ ունի հստակ առաքելություն՝ պահել զինվորի թիկունքը, ապահովել նրա մարտունակությունը.
“Չմոռանանք նաև, որ մենք առաջնագծում էլ փայլուն մասնագետներ ունենք, որոնք արկերի տակ վիրահատություններ են անում, առաջին օգնություն են ցույց տալիս ու փրկում են մեր զինվորներին: Նրանց ջանքերն անգնահատելի են”,-ասում է Արայիկ Ղարիբյանը՝ վստահ, որ թև ու թիկունք լինելով միմյանց՝ հաղթելու ենք մեզ պարտադրված այս պատերազմում ու արդեն հաղթել ենք, քանի որ փոքրիկ Արցախը կռվում է ոչ թե Ադրբեջանի, այլ ՆԱՏՕ_ի հզոր բանակներից մեկի՝ Թուրքիայի դեմ, ու նրանց չհաջողվեց բլից պատերազմով հասնել իրենց նպատակին: Մեր բանակը փայլուն է կատարում իր առջև դրված խնդիրը:
Հետադարձ կապ՝
(011/044) 62 50 50
medicalcenterartmed
artmedmrc
artmed@artmed.am
Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք