48 անքուն ժամեր, 4 բարդագույն վիրահատություն, 5-օրյա լարված ու շատ պատասխանատու աշխատանք հանուն պատերազմից տուժածների, ովքեր կարիք ունեին ծնոտների ու ատամնաշարի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների, մաստեր կլաս դիմածնոտային ու պլաստիկ վիրաբույժների համար։ Արթմեդ բժշկական ու վերականգնողական կենտրոնի եռուզեռն էր մայիսի 1-5ը։
Մոսկվայի ФГБУ НКЦО ФМБА-ի Դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Նազարյանի ղեկավարած թիմը Հայաստանում էր նախապես հստակ պլանավորած նպատակն իրագործելու համար։ Ընտրված 4 դեպքեր էլ մարդիկ էին, որոնց ծնոտը բառի բուն իմաստով նորից ձևավորել էր պետք։ 14 հոգուց բաղկացած թիմը հայաստանցի գործընկերների աջակցությամբ Արթմեդ բժշկական ու վերականգնողական կենտրոնում կատարեց ֆիբուլոպլաստիկա՝ ծնոտների ու ատամնաշարի վերականգնում հեղինակային մեթոդով՝ ոտքի ոլոքի ոսկրանյութի հաշվին, իմպլանտների ու պրոթեզների կիրառմամբ։ Հատուկ ընտրված թիմում ներգրաված էին դիմածնոտային վիրաբույժներ, պլաստիկ վիրաբույժներ, միկրովիրաբույժներ, ստոմատոլոգներ, ինժեներ-ծրագրավորողներ։ Բարեգործական հիմունքներով ժամանած մասնագետները իրենց հետ բերել էին ոչ միայն ժամանակակակից ու նորագույն մոտեցումներ, այլև վիրահատությունների համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցները։
Թիմը Հայաստան էր ժամանել Modern Implant medicine-ի ղեկավար Գրիգոր Էմիլի Խաչատրյանի ու իր որդու՝ Լևոն Խաչատրյանի կազմակերպմամբ, ակտիվ աջակցությամբ և հրավերով:
Բոլոր 4 պացիենտների վիրահատությունների
արդյունքներն էլ գոհացուցիչ են, չնայած Արթմեդ բժշկական կենտրոնի և Modern Implant
Medicine-ի մասնագետների հսկողությամբ դեռ պետք է վերականգնողական բուժում անցնեն:
Հավելենք, որ բարեգործական վիրահատություններին զուգահեռ
Դավիթ Նազարյանի պրոֆեսիոնալ թիմի անդամները պատրաստակամորեն կիսվեցին իրենց
փորձով, դասախոսություններ կարդացին նմանատիպ բարդ դիմածնոտային ռեկոնստրուկտիվ
վիրահատությունների իրականացման նրբությունների ու մեթոդների շուրջ, որպեսզի իրենց
փորձը հետագայում էլ կիրառվի Հայաստանում։
Ավելին անցկացրին հատուկ մաստեր կլաս միկրոանոթներ կարելու
նորագույն մեթոդի մասին իրենց գիտելիքները փոխանցելով հայ գործընկերներին։ Մաստեր կլասի համար հատուկ Հայաստան էին բերել գերժամանանակից տեխնոսկոպ, որի ապահոված տեսանելիության ներքո միկրոկարերի իրականացման տեխնիկան ցուցադրելու համար
օգտագործեցին առնետների պոչի երակները։
Արդյունավետ ու գերծանրաբեռնված 5 օրերի իրենց կատարած աշխատանքը ավարտեցին՝ հատուկ շնորհակալագրեր ստանալով ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից:
Հետադարձ կապ՝
(011/044) 62 50 50
medicalcenterartmed
artmedmrc
artmed@artmed.am
Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք