Քանաքեռ, Ծարավ Աղբյուրի փ., 55ա շենք
+374 10 62 50 50

Նյարդավիրաբուժության ծառայություն

“Արթմեդ” Բ.Վ.Կ. նյարդավիրաբուժական ծառայությունը ապահովում է գլխուղեղի և ողնաշար-ողնուղեղի տարբեր հիվանդությունների ժամանակակից բուժումը վիրահատական եղանակով:

Այդ հիվանդություններն են՝

-Գլխուղեղի և ողնուղեղի նորագոյացությունները՝ ուռուցքները
- Գանգուղեղային և ողնաշար-ողնուղեղային վնասվածքները և դրանց հետևանքները
- Միջողնային աճառի ճողվածքները
- Ողնաշարային խողովակի նեղացումները՝ ստենոզները
- Տարբեր տեսակի հեմոռագիկ և իշեմիկ ինսուլտները
- Ներգանգային արյունազեղումները՝ հեմատոմաներ
- Գլխուղեղի անոթների կառուցվածքային դեֆեկտները՝ զարկերակային անևրիզմաները և արտերիովենոզ մալֆորմացիաները
- Հիդրոցեֆալիան
- Գլխուղեղի պարազիտար հիվանդությունները՝ էխինակոկը, ցիստիցերկոզը
- Գլխուղեղի բորբոքային ախտահարումները՝ թարախակույտը (աբսցեսը և էմպիեման)
- Զարգացման արատները
- Էպիլեպսիան
և այլն:

Նյարդավիրաբուժական հիվանդություններ ունեցող հիվանդները գանգատվում են.

• Գլխուղեղի հիվանդությունների ժամանակ հիվանդները գանգատվում են գլխացավից, գլխապտույտից, սրտխառնոցից, մարմնի վերջույթներում` հատկապես մարմնի մի կեսի թուլությունից (պարեզներ և պլեգիաներ), գիտակցության տարբեր տեսակի խանգարումներից, կորստից, որն ուղեկցվում է մարմնի ցնցումներով (էպիլեպտիկ նոպաներ), դեմքի ծռվածությունից և ցավերից, կլման ակտի խանգարումից, խոսքի խանգարումից, տեսողության, լսողության խանգարումներից, կոորդինացիայի, շարժողության և զգացողության խանգարումներից և այլն:
• Ողնաշար-ողնուղեղային հիվանդությունների ժամանակ հիվանդներն հիմնականում գանգատվում են դեպի վերջույթները ճառագայթող ուժեղ ցավերից, վերջույթներում մկանային լարվածությունից կամ, ընդհակառակը, թուլությունից, որն աստիճանաբար կարող է վերածվել անշարժության, մարմնի, վերջույթների թմրածությունից կամ անզգայությունից, կոնքի օրգանների ֆունկցիաների բազմաթիվ խանգարումներից, որոնք կարող են արտահայտվել դժվարամիզությամբ կամ անմիզապահությամբ և այլն:

Նման գանգատներ ունենալու դեպքում անմիջապես անհրաժեշտ է դիմել մեզ՝ խորհրդատվության:

Մեր ծառայությունը հագեցված է ժամանակակից սարքավորումներով, ինչպիսիք են.
• նյարդավիրաբուժական միկրոսկոպը
• նեյրոնավիգացիոն համակարգը
• էլեկտրական նյարդավիրաբուժական շաղափը (Drill)
• Fixator-ը
• C-arm-ը
և այլն:

Այս սարքավորումների շնորհիվ մեր կենտրոնի նյարդավիրաբուժական ծառայությունը հիմնված է միկրոնյարդավիրաբուժության վրա և նեյրոնավիգացիայի ու մանրադիտակի կիրառման շնորհիվ այնպիսի բարդ վիրահատություններ, ինչպիսին են գլխուղեղի և ողնուղեղի խորանիստ հատվածների ուռուցքների հեռացումը, դարձել են ատրավմատիկ և մինիմալ ինվազիվ:

Միկրոնյարդավիրաբուժության շնորհիվ մաքսիմալ արդյունավետ է դարձել նաև միջողնային աճառի ճողվածքների հեռացումը, որի ժամանակ հնարավոր է ոչ միայն նյարդարմատն ազատել աճառի ճնշումից, այլ նաև նյարդի շուրջ փաթաթված անոթներից և օստեոֆիտներից, որը հնարավոր չէ կատարել առանց միկրոսկոպի կիրառման: Միկրոսկոպի օգտագործման շնորհիվ միջողնային աճառի ճողվածքների վիրահատությունը դարձել է բացարձակապես անվնաս և առավել արդյունավետ: Հիվանդներն անմիջապես վիրահատությունից հետո ազատվում են ցավերից, քայլում են և 1-2 օրվա ընթացքում կարող են դուրս գրվել հիվանդանոցից:

Նյարդավիրաբուժական վիրահատության հաճախ հանդիպող տեսակներից է նաև ողնաշարի ֆիքսացիան (ստաբիլիզացիան), որի դեպքում օգտագործվում են տարբեր տեսակի մետաղական կոնստրուկցիաներ, պտուտակեր, ձողեր, թիթեղներ, ոսկրային ցեմենտեր և պռոտեզներ: Դա կատարվում է ողնաշարային խողովակի ստենոզների, ողնաշարի կոտրվածքների, օստեոպոռոզների, ուռուցքների, ողնի մարմնի հեմանգիոմաների, ողնաշարի տարբեր տեսակի դեֆորմացիաների ժամանակ:

Որոշ դեպքերում, տարբեր պատճառներից հիվանդների մոտ կարող է տեղի ունենալ ողնուղեղային հեղուկի շրջանառության և ներծծման խանգարումներ՝ առաջացնելով ողնուղեղային հեղուկի կուտակում գլխուղեղի փորոքներում: Այս հիվանդությունը կոչվում է հիդրոցեֆալիա, որի դեպքում վիրահատության ժամանակ տարբեր տեսակի շունտեր տեղադրելով՝ ստեղծվում է ողնուղեղային հեղուկի շրջանառության արհեստական ճանապարհ՝ կապելով գլխուղեղի փորոքները որովայնի խոռոչի հետ: Այս վիրահատության շնորհիվ հիդրոցեֆալիայով հիվանդները կարող են վերադառնալ իրենց նորմալ կյանքին և գործունեությանը:

Մի շարք հիվանդություններ, օրինակ ներգանգային արյունակույտերը՝ հեմատոմաները, պահանջում են շտապ վիրահատական միջամտություն հիվանդի կյանքը փրկելու նպատակով: Դրանք կարող են առաջանալ տարբեր պատճառներից. գանգուղեղային վնասվածքներից, զարկերակային բարձր ճնշման հետևանքով զարգացած հեմոռագիկ ինսուլտներից, գլխուղեղի անոթների պատռումից՝ տարբեր կառուցվածքային արատների ժամանակ, օրինակ՝ զարկերակային անևրիզմաների և/կամ արտերիովենոզ մալֆորմացիաների դեպքում և այլն:

Այսպիսով, ժամանակակից նյարդավիրաբուժությունը պահանջում է խիստ նեղ մասնագիտական կրթություն, հմտություններ, փորձ և ժամանակակից սարքավորումներ:
“Արթմեդ” Բ.Վ.Կ. նյարդավիրաբուժական ծառայությունը լիովին համապատասխանում է այդ բոլոր պահաջներին՝ ապահովելով մեր հիվանդների ժամանակակից ու արդյունավետ բուժօգնությունը և արագ վերադարձը նորմալ կյանքին ու գործունեությանը:

Կապ մեզ հետ